«ԵԹԵ ԵՍ ԻՄ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՍԵՄ, ԿԼԻՆԻ ԳՈՎԱԶԴ»
Չնայած Ընտրական նոր օրենսգրքի ընդունումից հետո միայն պարզ կդառնա, թե Գյումրիում քաղաքապետի ընտրության կարգն ինչպես է ընթանալու, թեկնածուներն արդեն ակտիվ աշխատանքներ են սկսել: Մեր տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ կարողացել է արդեն որոշակի համակրանք շահել իշխանական վերնախավում և ամեն բան անում է, որ «հայրաքաղաքի» ապագա քաղաքապետն ինքը լինի: Այդ առնչությամբ «Իրատեսը» մի քանի հարց ուղղեց պատգամավորին:
-Այդպիսի բան չկա,- ասաց Մարտուն Գրիգորյանը։- Դեռ Ընտրական օրենսգրքի փոփոխություն պետք է լինի: Կհասկանանք ընտրություններն ինչ կարգով են լինելու, այն ժամանակ էլ հարցերին հստակ պատասխան կտամ:
-Տեղեկություններ կան, որ լինելու է ոչ ուղղակի ընտրություն:
-Քանի դեռ օրենքը չկա, չեմ կարող որևէ բան ասել:
-Անձամբ Դուք ցանկություն ունե՞ք առաջադրվելու:
-Ընտրական ձևի փոփոխությունը թիմի հետ կապված լուրջ հարցեր է դնելու:
-«Թիմ» ասելով` ո՞ր քաղաքական ուժը նկատի ունեք: Հայտնի է, որ Դուք այլևս ԲՀԿ-ն չեք ներկայացնում:
-Խոսքն ԱԺ-ում քննարկելու մասին է: Դրանից հետո ես իմ թիմի հետ եմ ճշտելու, համաձայնեցնելու: Եթե զգանք, որ այդ ընտրակարգով ճիշտ է մասնակցելը, կառաջադրվեմ:
-Ձեր տպավորությամբ, գյումրեցիներն ինչպե՞ս են տրամադրված Ձեր հանդեպ:
-Դա պետք է գյումրեցիներին հարցնել:
-Խոսքը Ձեր տպավորությունների մասին է:
-Եթե ես իմ տպավորությունների մասին ասեմ, կլինի գովազդ:
«ՀՀԿ-Ն ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ»
Գյումրու քաղաքապետի թեկնածուների մեջ «ամենապասիվը» ՀՀԿ-ն է, քանի որ նրա թեկնածուի մասին տեղեկատվական արտահոսք չկա: Ի՞նչ կորոշի ՀՀԿ-ն, ում կտա նախապատվությունը, հարցրի գյումրեցի, տեղի ՀՀԿ կառույցներից մեկի ղեկավար, ԱԺ համանուն խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ:
-Շատ շուտ է անուններ տալու համար,- ասաց պատգամավորը:- Կլինի Ընտրական օրենսգիրքը, կտեսնենք: Եթե ոչ ուղղակի ընտրություններ լինեն, արդեն անունների մասին իմաստ չի ունենա խոսելը, քանի որ քաղաքական ուժերի միջև պայքար պետք է ընթանա:
-ՀՀԿ-ն նախընտրելի թեկնածու ունի՞, որը կարող է նոր ընտրակարգին անցնելու պարագայում ղեկավարել ցուցակը, թե՞ թեկնածուներից որևէ մեկին կպաշտպանի:
-Կարծում եմ, ՀՀԿ-ն կունենա իր ցուցակը և իր թեկնածուն: Այսօր դեռ հստակություն չկա այս հարցում, քանի որ դեռ վաղ է:
-Գյումրու ՀՀԿ կառույցներից մեկի ղեկավարն էլ Դուք եք, հնարավո՞ր է, որ գլխավորեք ցուցակը:
-Այդ հարցը դեռ չենք քննարկել մեր կուսակցությունում:
Ճեպազրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ